ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերը դատապարտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քննադատել են նրան՝ մեղադրելով «ընտրակեղծարարության», «պարտության սիմվոլ» լինելու մեջ։
«Տեր-Պետրոսյանը ՀՀ ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»,- գրել է Փաշինյանը։
Սիմոնյանն առաջին նախագահին մեղադրել է 2008-ի մարտի 1-ին իր կողմնակիցներին մենակ թողնելու մեջ։
«Ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով՝ գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնակիցներիդ քո իսկ բերած քոչարյանասերժական կիլլերների կրակոցների տակ: Դու բարոյականության պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության և բոլոր պարտությունների սիմվոլն ես: Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշիր քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար»,- գրել է Սիմոնյանը։
Նա նաև նշել է, որ «Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արել է, որ իրեն ոչ թե որպես անկախության սիմվոլ, այլ որպես անհաջող անցյալի փորձանք» հիշեն։
Հունիսի 7-ին Տեր-Պետրոսյանն այցելել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և դատապարտել Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ «գործող իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը»։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։




































