Արցախում 2020-2023 թվականներին տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, հյուծիչ շրջափակումը, բռնի տեղահանությունն ու վայրագություններն ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպան ծրագրերի շարունակությունն են, ինչ 1915 թվականին, հայտարարել է Արցախի ԱԺ-ն։
Գերատեսչությունը նշել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է համարժեք իրավական ու քաղաքական գնահատական տալ այդ գործողություններին՝ արձանագրելով դրանց համապատասխանությունը ցեղասպանության համապարփակ սահմանմանը։
«Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանության հրավեր»,- շեշտել է կառույցը։
ԱԺ-ի համար «անհասկանալի ու անբացատրելի է նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը»։
«Ցեղասպանության դատապարտումը և մեղավորին պատասխանատվության կանչելը հետագա ցեղասպանությունների կանխման գրավականներից են, որոնք, իհարկե, չեն փոխարինում պետության պարտադիր ուժեղ անվտահգության համակարգին և հեռատես ներքին ու արտաքին քաղաքականությանը»,- ընդգծված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նաև աշխարհասփյուռ հայության հավաքական կամքի արտահայտության հնարավորություն է՝ հանուն անվտանգ ու ապահով ապագայի և ի հիշատակ մեր նահատակված նախնիների։
«Մենք հիշում, հարգում և պարտավոր ենք երբեք չմոռանալ բռնությամբ, ցավով և անասելի տառապանքով ցեղասպանության զոհ դարձած մեր հայրենակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։
Կարդացեք նաև`
Ականատեսների հուշեր և փաստեր. Հայոց ցեղասպանության մասին գրքերի ընտրանի
Դիվանագիտության և հիշողության միջև. ինչպե՞ս է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը
Ուրուգվայից մինչև ԱՄՆ. Հայոց ցեղասպանության ճանաչման ուղին.
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






