Տավուշի մարզի բնակիչները մտադիր են բողոքել հունվարի 16-ին ստորագրված հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների նոր համաձայնագրի դեմ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով տեղի բնակիչներին։
Ըստ թերթի՝ մարզի բնակիչները վստահ են, որ Տավուշում նոր, միակողմանի զիջումներ են սպասվում։
«Խոսքը վերաբերում է «Ոսկեպարի եռանկյունի» կոչվող հատվածին, որն ունի խիստ կարևոր ռազմավարական նշանակություն, և այն Ադրբեջանին հանձնելու դեպքում մի շարք տարածքներ, այդ թվում` գազատարը, ճանապարհը, անցնում են թշնամու վերահսկողության տակ»,- թերթին ասել է Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանը։
Թերթի տեղեկություններով՝ տեղի բնակիչները, ովքեր պատրաստ են բողոքի ցույցի դուրս գալ, նախորդ տարվա գարնանն արդեն ակտիվորեն մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաներին և այժմ վճռական են տրամադրված։ Սակայն նրանք ներկայումս չունեն առաջնորդ, գրել է թերթը։
«Մարդիկ ցանկանում են ամեն գնով պահել իրենց հողերը, բայց կարծում են, որ պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ միայնակ անզոր են, իրենց ուժեղ, խելացի և չընկրկող առաջնորդ է հարկավոր»,- նշել է թերթը։
ՀՀ ԱԳՆ-ն 2024 թվականի ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը։




































