Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը Տավուշի մարզում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, հայտնել է ԱԱԾ-ն։
Ըստ հաղորդագրության՝ պահպանությունը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
«Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով»,- նշված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունից հավելել են, որ նույն տրամաբանությամբ` Ադրբեջանի կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունն այսօրվանից իրականացվելու է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։
Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։