ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը, ի պատասխան Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը, կոչ է արել Վաշինգտոնին բացատրել վերջին երեք տարիների ադրբեջանական ագրեսիային ի պատասխան իր անգործությունը։
«ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` ընդգծելով, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Եթե ԱՄՆ-ն անկեղծ է իր գնահատականներում, ապա պետք է բացատրի, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի համար որևէ հետևանք չեղավ, երբ 2021-2022 թվականների ընթացքում խախտեց ՀՀ տարածքային ամբողջականությունը` տարբեր ուղղություններով ներխուժեց ՀՀ տարածք ու այս պահին էլ շարունակում է դրանք օկուպացված պահել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Աբրահամյանի խոսքով՝ նույնը վերաբերում է ուժի կիրառման վերաբերյալ հորդորներին, որը որպես սկզբունք դրված էր նաև Արցախի հարցի կարգավորման հիմքում, սակայն որևէ հորդոր կամ զսպող միջոց գործի չդրվեց ու Ադրբեջանը 2020-2023 թվականների ընթացքում ուժի կիրառման միջոցով իրացրեց իր ցեղասպան քաղաքականությունը և ամբողջական վերահսկողություն հաստատեց Արցախի նկատմամբ:
«Երբ Ալիևը մի քանի ամիս առաջ հրապարակային հայտարարում էր, որ միջազգային պրակտիկայում հարց լուծողը ուժի կիրառումն է, այլ ոչ թե միջազգային իրավունքը, որը մեկ և այս դեպքում` կոնկրետ ԱՄՆ-ն, իր հորդորն ու զգուշացումը հասցեատիրոջը տեղ չհասցրեց, իսկ հետևանքը բոլորին է հայտնի»,- եզրափակել է փորձագետը:
Նոյեմբերի 1-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը վերահաստատել էր իր ամուր աջակցությունը Հայաստանին և ընդգծել, որ «Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների»։ Հոկտեմբերի 31-ին Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ինստիտուտը զգուշացրել էր առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու սպառնալիքի մասին։ Լեմկինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






