Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ է ընտրվել, հայտնել են ՍԴ-ից։
Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած ՍԴ աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել են դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վարդանյանը:
Վարդանյանն ավելի վաղ ընտրվել էր ՍԴ դատավոր, իսկ մինչ այդ հանդիսանում էր ԱԺ 7-րդ և 8-րդ գումարման «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Վարդանյանն ավելի ուշ հերքել է իր ընտրության ընթացքում ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումների մասին պնդումները՝ հայտարարելով, որ որևէ անձի նկատմամբ ազդեցություն չի եղել։
«Որևիցե եղանակով, որևիցե անձի նկատմամբ որևիցե ճնշում թույլատրելի չէ, դատապարտելի է և նման որևիցե ազդեցություն չի եղել»,- հայտարարել է Վարդանյանը լրագրողներին։
Նա հայտնել է, որ ինքն ու Շաթիրյանը ներկայացրել են իրենց ծրագրերը, որից հետո դատարանը որոշում է կայացրել գաղտնի քվեարկությամբ։
Վարդանյանն անդրադարձել է նաև նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ԱԺ պատգամավոր լինելու հանգամանքին։ Նրա խոսքով՝ մինչև պատգամավոր դառնալը ՍԴ-ում ունեցել է 15 տարի 7 ամսվա աշխատանքային փորձ և զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ գլխավոր մասնագետից մինչև աշխատակազմի ղեկավար։
«Այո, ես եղել եմ պատգամավոր, այո, ես եղել եմ կուսակցության անդամ, այո, ես իրականացրել եմ խորհրդարանում համապատասխան գործունեություն»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դատավորի երդումից հետո պարտավոր է առաջնորդվել Սահմանադրությամբ։
Նա հայտարարել է, որ քաղաքական նախկին գործունեությունը չպետք է ազդի դատավորի աշխատանքի վրա։
«Սահմանադրական դատարանը պետք է մնա բացառապես ապաքաղաքական»,- ասել է Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի ընտրության նախորդ փորձը տեղի էր ունեցել հոկտեմբերի 14-ին, սակայն այն ավարտվել էր անարդյունք, քանի որ առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չէր հավաքել անհրաժեշտ ձայներ։
Մինչ այս Սահմանադրական դատարանը գլխավորում էր Արման Դիլանյանը, ում պաշտոնավարման 6-ամյա ժամկետը լրացել էր, ինչից հետո օրենքով սահմանված կարգով անհրաժեշտություն էր առաջացել ընտրել ՍԴ նոր նախագահ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







