Ի պատիվ պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, այսօր երեկոյան Քուիրինալի պալատում Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի և տիկին Լաուրա Մատարելլայի անունից տրվել է պետական ընթրիք:
Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին:
Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Հայ-իտալական հարաբերությունները խարսխված են հարուստ ու հինավուրց ավանդույթների, ընդհանուր քաղաքակրթական և քրիստոնեական արժեքների վրա: Մեր ճանապարհները հաճախ միահյուսվել են պատմական խաչմերուկներում և փոխադարձաբար հարստացրել միմյանց, մեր մշակույթն ու մտածողությունը, մեր գիտելիքները:
Բազմադարյա և բուռն պատմության ընթացքում հայ ժողովուրդը բախվել է բազմաթիվ դժվարությունների և փորձությունների, սակայն դիմագրավել ու հաղթահարել է դրանք արժանապատվությամբ և տոկունությամբ: Ցավոք, այսօր էլ մենք, Հայաստանում և մեր տարածաշրջանում դեռևս չենք կարող խոսել լիարժեք և կայուն խաղաղության մասին: Իմ այցից օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցն էր. Հայաստանում և Արցախում մենք ոգեկոչեցինք նահատակված մեր երիտասարդ հերոսների, պատերազմին զոհ գնացած զինվորների ու քաղաքացիական անձանց հիշատակը…
Տարածված հայկական և իտալական ասացվածքի համաձայն՝ մարդն իրական ընկերներին ճանաչում է ճգնաժամի, դժբախտության ժամանակ, ծանր օրերին»,- ասել է նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






