Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետի խորհրդականի վերաբերյալ սկանդալին։ Հիշեցնենք, որ հրապարակվել էր տեսանյութ, որը, ըստ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբանների, ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն ուղղակի միջամտում է ՀՀ-ում արդարադատության իրականացմանը։
Անդրադառնալով մասնավորապես մամուլում առկա այն տեղեկությանը, որ Աննա Վարդապետյանը հանդիպումներ է ունեցել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ, Ռուստամ Բադասյանը նշեց, որ այսօր համացանցում շատ տեղեկություններ են տարածվում, և, իր դիտարկմամբ, դրանց գերակշիռ մասը փաստական հիմք չի ունենում։
«Բոլոր նյութերը, որոնք վերաբերում են Արդարադատության նախարարությանը, ուղարկվում են ծանոթացման: Ես ժամանակ չեմ ծախսում բոլոր նյութերին ծանոթանալու համար: Երբ ինչ-որ բան հաստատվում է և ծանոթանալու անհրաժեշտություն է լինում, նոր միայն ծանոթանում եմ: Երբ տվյալ փաստը կհերքվի կամ կհաստատվի, այդ ժամանակ ինձնից գնահատական կարող եք հարցնել»,-ասաց նա։
Դիտարկմանը՝ առաջին անգամը չէ, որ իրենց քաղաքական թիմին մեղադրում են դատական գործերին միջամտելու մեջ՝ Ռ․ Բադասյանն արձագանքեց․ «Այդ մեղադրանքներին արձագանք եղել է։ Կարծում եմ, այն հեռախոսային արդարադատությունը, որն իրականացվել է տարիներ շարունակ, վերացված է։ Այդ կոնտեքստում ինչ-որ փոքր միջադեպեր օգտագործում են մեր իշխանությանը վարկաբեկելու համար»։
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտերկրում ապաստան տալու մասին հայտարարությանն ու պատասխանելով հարցին՝ Ն․ Փաշինյանը ՀՀ-ում այդ իմաստով խնդիր ունի՞ ՝ Բադասյանը նշեց․
«Ես առհասարակ որևէ խնդիր չեմ տեսնում ՀՀ ցանկացած քաղաքացու անվտանգության մասով։ Մենք ժողովրդավարական, իրավական երկիր ենք, և որևէ խնդիր չկա»։
Ինչ վերաբերում է առաջին նախագահի գնահատականներին՝ կապված երկրույմ առկա ճգնաժամի հետ, նա շեշտեց․ «Հասարակությունն առանց այդ էլ հոգնած է փոխադարձ մեղադրանքներից և դավաճան, ոչ դավաճան, ապաստան, անվտանգության խնդիր և նման այլ արտահայտություններից։ Կարծում եմ՝ ամեն մեկը պետք է կենտրոնանա իր սեփական վարկանիշի վրա։ Նման անբովանդակ առաջարկներն ամենևին չեն նպաստելու քաղաքական վարկանիշի բարձրացմանը»։ Նա նշեց, որ չի կանխատեսում նաև, որ հնարավոր արտահերթ ընտրություններին կարող են անվտանգության խնդիրներ լինել։
«Ինչ վերաբերում է իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառմանը, կարծում եմ, որ դա զավեշտի դաշտից է։ Մենք թե՛ համապետական, թե՛ տեղական ընտրություններին ապացուցել ենք, որ 2018 թվականի հունիսից հետո ՀՀ-ում ընտրությունները կեղծելու որևէ փորձ չի եղել»,-հավելեց նա։
Ռուստամ Բադասյանը համոզված է նաև, որ իշխանությունը բարձր վարկանիշ ունի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







