Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։
Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն [email protected] հասցեին: Անհրաժեշտ փաստաթղթերն են`
-Անձնագրի պատճեն
-Անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)
-Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք
-Հասցե
-Հեռախոսահամար
Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Հանձնաժողովի անդամները մանրամասն անդրադարձ են կատարել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցության տրամադրմանը, հոգեբանական աջակցության ծրագրերի մշակմանը ու հոգեբանական ռեաբիլիտացիոն համակարգերի ներդրմանը, բուժհաստատություններում գտնվող, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու հնարավորություններին վերաբերող հարցերին:
Փոխվարչապետը վերոնշյալ բոլոր հարցերով գերատեսչություններին տվել է համապատասխան հանձնարարականներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







