Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը նոյեմբերի 29-ի ավագանու ընտրություններից առաջ պաշտոնից ազատել է «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված չորս պաշտոնյայի, հայտնել է «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը՝ այդ որոշումները գնահատելով որպես վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում։
Նախաձեռնության տվյալներով՝ Նիկողոսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնից ազատել է համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին, իսկ հոկտեմբերի 30-ին՝ Կաթնաջուրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանին, Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանին և Սարահարթի վարչական ղեկավար Արտյոմ Փիլոյանին։
«Անկախ դիտորդը» պնդում է, որ Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է արձակուրդում գտնվելու ընթացքում, իսկ որոշման մեջ պատճառաբանություն չի ներկայացվել։ Նախաձեռնության գնահատմամբ՝ չեն պահպանվել նաև աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման ժամկետները։ Դիտորդները հայտնել են, որ մյուս երեք պաշտոնյաներին ազատելու որոշումները նույնպես չեն պարունակում փաստական հիմնավորումներ։
Նախաձեռնության տեղեկություններով՝ Նիկողոսյանը հոկտեմբերի 30-ին նաև գրություն է ուղարկել բնակավայրերի վարչական ղեկավարներին՝ առաջարկելով առաջիկա մեկ ամսում ձեռնպահ մնալ արձակուրդներից՝ աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով։
«Անկախ դիտորդի» գնահատմամբ՝ նման սահմանափակումը կարող է խոչընդոտել ընտրություններին մասնակցող վարչական ղեկավարների նախընտրական քարոզարշավին։ Նախաձեռնությունը հղում է անում Ընտրական օրենսգրքի 19-րդ և 137-րդ, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածներին։
Դիտորդները կարծում են, որ համայնքի ղեկավարը պաշտոնանկությունների և արձակուրդների վերաբերյալ որոշումներն օգտագործում է մրցակից քաղաքական ուժի թեկնածուների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։
Սպիտակում նոյեմբերի 29-ին նախատեսված ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարոյական արժեքներ» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։
Նախաձեռնության տվյալներով՝ ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, ութ բնակավայրի վարչական ղեկավար և համայնքապետարանի վեց աշխատակից։ «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակում ընդգրկված են համայնքի ղեկավարի տեղակալն ու վեց բնակավայրի վարչական ղեկավար։
«Անկախ դիտորդ» դաշինքն ավելի վաղ ահազանգել էր Սպիտակում համայնքային հիմնարկի տնօրենի նշանակման գործընթացին հնարավոր քաղաքական միջամտության մասին։ Դաշինքը կոչ էր արել ուսումնասիրել համայնքապետի և այլ պաշտոնյաների գործողությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







