Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին: Այս մասին Հարությունյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Բարձր գնահատելով Դաշնակցության կատարած հետևողական աշխատանքը համահայկական խնդիրների լուծման գործում՝ հատկապես ընդգծել եմ Արցախի անկախության կերտման դժվարին ճանապարհին և հետագա ձեռքբերումներում կառույցի ներդրած զգալի ավանդը:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք լիբանանահայությանն աջակցելուն, անհրաժեշտության պարագայում՝ նրանց հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև Հայրենիքի անվտանգային համակարգին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող մի շարք առանցքային հարցեր:
Հատուկ անդրադարձ ենք կատարել նաև անցած տարի Ստեփանակերտում անցկացված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ընդունած հռչակագրի դրույթներին, և ես պատրաստակամություն եմ հայտնել հետևողականորեն նպաստել ազգային ու պետական շահերի համատեքստում դրանց կյանքի կոչմանը»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







