Այսօր ունեցել ենք հերթական խաղաղ օրը, որևէ հրետակոծություն չի եղել մեր բնակավայրերի ուղղությամբ և բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալ իրենց առօրյա աշխատանքին։ Այս մասին այսօր Տավուշի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Երեկ օրվա վերջում ավարտել ենք ենթակառուցվածքային վերականգնողական աշխատանքները՝ ջրագծային և ոռոգման համակարգերի վերականգնումը, որը հնարավորություն է տվել, որ մարդիկ շարունակեն իրենց գյուղատնտեսական աշխատանքները»,-նշել է մարզպետը։
Չոբանյանը հայտնել է նաև, որ իրականացվել են նաև հետևանքների գույքագրման աշխատանքններ, սակայն ամբողջական գնահատում կլինի միայն մեկ շաբաթվա ընթացքում: «Առանձնացրել ենք 12 տուն ՝ 6 տուն Այգեպար գյուղում և 6 տուն Ներքին Կարմիրաղբյուրում, որտեղ կարող են սկսել վերականգնողական աշխատանքները: Երեկ արդեն երկու բնակարաններում սկսել են վերականգնողական աշխատանքններ և երկուշաբթի կունենանք երկրորդ խմբաքանակը և շինարարները արդեն կմտնեն աշխատելու»,-նշել է մարզպետը:
Նրա փոխանցմամբ՝ եկող շաբաթվա վերջում կլինեն առաջին վերականգնված բնակարանները և տները: Այսօրվա գույքագրման ժամանակ հայտնաբերվել են մի շարք ավերածություններ, որոնք եղել են ոչ թե վերջին հրետակոծությունների ժամանակ, այլ նախկին տարիներին, այդ թվում նաև 90-ական թվականներից սկսած: Նման դեպքերը ևս ներառելու են գույքագրման գործընթացում և շինարարական աշխատանքներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







