- Օպերատիվ իրավիճակը սահմանին. այս պահին մարտերը շարունակվում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք»,- գրել է Հովհաննիսյանը։ Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր։ Ավելի ուշ նա հայտնեց, որ մարտերը այս պահին թուլացել են։ Առավոտյան ադրբեջանական կողմը հարվածներ է հասցրել Այգեպար գյուղի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։
Այս գիշեր ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական դիվերսիոն ներխուժման փորձը և ետ մղվել: Իսկ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի՝ թվով 13 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական:
Ընդ որում, հակառակորդը հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ 50-ից ավելի հրետանային արկեր է կիրառել։ Հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտի ներկա ծավալներն այնպիսին չեն, որպեսզի Հայաստանը անհրաժեշտություն տեսնի դիմել ՀԱՊԿ-ին՝ միջամտության համար, նշել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մեր բանակը փայլուն է կատարել և կատարում է իր առջև դրված խնդիրները: - Հայ հաքերները շարունակում են հարձակումները ադրբեջանական ռեսուրսների վրա. այս անգամ մեր հաքերները անհասանելի են դարձրել ադրբեջանական հիմնական Anti-Armenia հաքերային խմբի կայքը:
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երկրորդ միջանկյալ զեկույցն է անգլերենով ուղարկել միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։
- ՀՀ ԱԳՆ-ն սադրիչ է որակել Թուրքիայի վարքագիծը և նշել, որ Անկարայի միջամտությունները լուրջ վնաս են հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
- Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը. անցած օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33005 դեպք, որոնցից 21348-ն` առողջացած, 592-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 139220 թեստավորում:
- Հակամարտության սրման միջազգային արձագանքը. Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը սահմանին, դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Ռուսաստանը կոչ է անում Երևանին և Բաքվին տարաձայնությունները լուծել բանակցությունների ճանապարհով, որոշակի ջանքեր ձեռնարկել դիվանագիտական և խորհրդարանական գծերով, հայտարարել Է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
- Ադրբեջանում սկանդալ է հասունանում երկրի ԱԳ նախարարի շուրջ։ Ալիևը դժգոհ է Մամեդյարովի աշխատանքից և Հայաստանի հետ բանակցություններում նրա պասիվությունից։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին նոտա է հանձնվել այն բանից հետո, երբ Փարիզում Բաքվի դեսպանատան պատերին Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու կոչով գրություններ են հայտնվել, իսկ Ադրբեջանի դեսպանատան դռները կարմիր ներկով են պատվել։
- Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին սահմանային հարձակումների լույսի ներքո ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատը քննարկելու է Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանական հատկացումների դադարեցումը:
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթում քննարկած բոլոր նախագծերը։
- Նախագահի հրամանագրով Տավուշում զոհված չորս զինծառայողները հետմահու պարգևատրվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






