Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Էդի Ռամայի հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
«Ես խորապես մտահոգված եմ բռնության աճով, որը մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, և կոչ եմ անում անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը, քանի դեռ չենք տեսել նոր զոհեր»,- ասել է Ռաման:
ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը կողմերի հետ սերտ կապի մեջ են իրավիճակը կայունության վերադարձնելու ձգտման հարցում:
«Ուղիղ կապուղին հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2019 թ. մարտին՝ Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած հանդիպման ժամանակ։ Նման մեխանիզմները կարող են օգտագործվել այս իրավիճակում լարվածությունը թուլացնելու համար»,- գրել է Ռաման:
Ռաման ցավակցություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իր մտահոգությունն է հայտնել երկու կողմերից տուժածների վիճակի առնչությամբ։
«Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքի վրա և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները»,- ասել է Ռաման և իր աջակցությունը հայտնել Մինսկի խմբի համանախագահներին։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



