Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջագային սահմանի երկայնքով ծավալվող բռնությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։
Արտաքին գերատեսչության խոսնակ Մորգան Օրթագուսի անունից ստացված տեքստում նշվում է.
«Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժ կիրառումը՝ օգտագործել գոյություն ունեցող կապի ուղիղ գծերը ՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:
Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները նախկինի պես հաստատակամորեն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում կողմերին օգնություն ցուցաբերելուն։ Մենք շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել այդ նպատակին հասնելու ջանքերին»։
Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կողմերին կոչ անելով հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորելով ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, հենց որ թույլ տան հանգամանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







