ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ կարևորելով Օնիկ Գասպարյանի զինվորական կենսագրությունը, հրամանատարական բոլոր օղակներում նրա ծառայությունը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս վաստակաշատ գեներալը ջանք ու եռանդ չի խնայի ներդնելու իր գիտելիքներն ու ողջ մասնագիտական ներուժը զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցի հիմքում դրվելու է թիմային աշխատանքի գաղափարը, ինչն էլ հանգեցնելու է առավել ցանկալի արդյունքի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






