Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց փոխանցված պարգևավճարները կուղղեն Տիգրանաշեն գյուղում մի շարք ծրագրեր իրականացմանը, հայտարարել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա մանրամասնել է, որ առաջին հերթին Տիգրանաշենում կգործարկվի գյուղմթերքի շուկա։
«Տիգրանաշենի բնակիչներն իրենց աճեցրած բերքը հնարավորություն կստանան իրացնել Տիգրանաշենի գյուղմթերքի շուկայում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրանաշենը գտնվում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի բանուկ հատվածներից մեկում, վստահ ենք, որ այդ ծրագիրը մեծ հաջողություն կունենա»,- նշել է նա։
Խմբակցության ներկայացուցիչները գյուղ այցելության ժամանակ նկատել են, որ Տիգրանաշենի մանկական խաղահրապարակը թարմացման կարիք ունի, և որոշել են երեխաների համար կառուցել նոր ու ժամանակակից խաղահրապարակ։
Պատգամավորի խոսքով՝ տիգրանաշենցիները մեծ դժվարություններ ունեն առավոտյան և երեկոյան ժամերին երեխաներին դպրոց տանելու և դպրոցից տուն վերադարձնելու հարցում, ինչի հետևանքով Տիգրանաշենի դպրոցը որոշ ժամանակ չի գործում։
Խմբակցությունը որոշել է Տիգրանաշենի համար ձեռք բերել տրանսպորտային միջոց, որով բնակիչները առավոտյան կկարողանան երեխաներին դպրոց հասցնել, իսկ ցերեկը՝ դպրոցից տուն վերադարձնել։ Բացի այդ, տիգրանաշենցիները հնարավորություն կունենան տրանսպորտային միջոցով հասնել մարզկենտրոն և Երևան։
«Տիգրանաշենցիները պետք է ապրեն և արարեն իրենց հայրենի հողում։ Զարգացում, այլ ոչ թե հանձնում»,- եզրափակել է պատգամավորը։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ դաշինքը մտադիր է զարգացնել Տիգրանաշենը և գյուղի ապագայի հարցի նկատմամբ հրավիրել ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ միջազգային կառույցների ուշադրությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Տիգրանաշենը և մյուս անկլավները չեն մտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։ Սեպտեմբերի 17-ին նա նշել էր, որ Տիգրանաշենի սահմանազատման մանրամասների կամ որևէ տարածք հանձնելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
«Ուժեղ Հայաստանը» բնակավայրի հնարավոր հանձնման մասին քննարկումների ֆոնին հայտարարել էր Տիգրանաշենը զարգացնելու, այդ թվում՝ գլեմփինգի գոտի և գյուղմթերքի շուկա ստեղծելու ծրագրերի մասին։
Կարդացեք նաև՝
Տիգրանաշենում «Ուժեղ Հայաստան»-ն առաջարկում է զարգացում, ՔՊ-ն՝ հանձնում․ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին
«Ուժեղ Հայաստանը» մտադիր է Տիգրանաշենում գլեմփինգի գոտի կառուցել
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







