«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Տիգրանաշենում կազմակերպված ծառատունկը գյուղի հնարավոր հանձնման դեմ իրականացված առաջին ակցիաներից մեկն էր։ 24News-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է նաև ընդդիմության համախմբմանը, Սահմանադրության փոփոխությանը և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
Կարապետյանի խոսքով՝ դաշինքը մտադիր է զարգացնել Տիգրանաշենը և գյուղի ապագայի հարցի նկատմամբ հրավիրել ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ միջազգային կառույցների ուշադրությունը։
«Չենք ուզում, որ Տիգրանաշենը հանձնեն։ Մենք ասում ենք՝ զարգացնելու ենք Տիգրանաշենը։ Իհարկե, ոչ միայն Տիգրանաշենը, բայց քանի որ այսօր Տիգրանաշենն է վտանգի տակ, առավել քան պետք է ուշադրություն դարձնել»,- ասել է նա։
Հարցին, թե նման ակցիաներն ինչպե՞ս կարող են ազդել իշխանությունների քայլերի վրա, Կարապետյանը պատասխանել է, որ նպատակը պետք է լինի իշխանափոխությունը։
«Իշխանություններին պետք չէ ոչինչ ստիպել, իշխանություններին պետք է հեռացնել։ Այդ նպատակով արվում են ակցիաներ՝ հայ ժողովրդին արթնացնելու համար։ Ազգային ժողովում զուգահեռ ակտիվ հիմա հնչեցվելու են այդ հարցերը։ Ամենակարևորն այն է, որ հայ ժողովուրդն զգա ու հասկանա, որ նորից գնում ենք զիջումների և ամեն ինչ անի, որ մեկ օր շուտ ազատվենք այս իշխանություններից»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով ընդդիմության համախմբմանը՝ Կարապետյանը նշել է, որ նախ պետք է հստակեցնել, թե ո՞ր ուժերն են իրական ընդդիմություն։ Նրա խոսքով՝ հանդիպումներ են ունեցել այն ուժերի հետ, որոնք իշխանափոխության նպատակ ունեն։
«Իսկ կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործն արեցին ընտրական փուլում։ Դրանց համարում ենք ՀՀ Փաշինյանի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-խմբ․) պրոքսի ուժեր»,- ասել է Կարապետյանը։
Նա պնդել է, որ «Ուժեղ Հայաստան»-ին այսօր քննադատող որոշ ուժեր ընտրությունների ժամանակ օգնել են Փաշինյանին պահպանել իշխանությունը և բացառել է նրանց հետ համախմբումը։
Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք նկատի ունի՞ խորհրդարան չանցած բոլոր այն ուժերին, որոնք հանդես էին գալիս ընդդիմադիր դիրքերից, Կարապետյանը պատասխանել է․ «Բացառությամբ երևի մեկ ուժի, բայց մենք իրենց հետ չենք կարողանում պայմանավորվել իրենց ամբիցիաների պատճառով, մնացածին՝ բոլորին»։ Նա չի նշել այդ ուժի անունը։
Երբ լրագրողը հարցրել է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին, Կարապետյանը հայտարարել է, որ Ծառուկյանը, իր գնահատմամբ, ակամա օգնել է իշխանությանը։
«Դե ֆակտո օգնեց իշխանությանը, չուզելով՝ օգնեց։ Ճիշտ է, այս իշխանությունները գողացան Ծառուկյանի ձայները, բայց դե ֆակտո՝ օգնեց»,- ասել է նա։
Միաժամանակ՝ Կարապետյանն ընդգծել է, որ դաշինքն ունի իրեն աջակցող ուժեր և նրանց հետ համագործակցությունը շարունակվում է։
«Թե՛ նախընտրական փուլում, թե՛ հիմա կան հայրենասեր, մեզ աջակցող ուժեր, ովքեր մեզ հետ են, մեզ հետ պայքարում են և մեզ հետ պայքարելու են ու հասնելու են հաջողության»,- նշել է նա։
Դաշինքի առաջնորդը պարզաբանել է, որ սկզբում ցանկացել էր քննարկումներն անցկացնել ուղիղ եթերում՝ լրագրողների մասնակցությամբ, սակայն որոշ ուժերի ղեկավարներ առաջարկել են փակ հանդիպումներ։ Նրա խոսքով՝ այդ քննարկումները շարունակվում են և ձևավորվում են նոր մոտեցումներ։
Կարապետյանը նաև վստահություն է հայտնել, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հնարավոր ճնշումների հետևանքով չեն աջակցի նոր Սահմանադրությանը։ Նա դա հիմնավորել է նրանով, որ իր թիմակիցներից շատերն արդեն անցել են կալանքների և, իր բնորոշմամբ, նախընտրական բռնաճնշումների միջով։
«360 մարդ գտնվել է կալանքի տակ, նրանցից ոչ ոք չի կոտրվել։ Ես վստահ եմ, որ մեր պատգամավորները հասկանում են խնդիրը, հասկանում են, որ այդ խնդիրը տանելու է մեր երկրի կործանմանը, և չեն գնա այդպիսի քայլի»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ Կարապետյանն ընդգծել է, որ ընդդիմությունը կանգնած է եկեղեցու կողքին։ Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ երկու լուրջ հարձակման ժամանակ իր քաղաքական ուժն աջակցել է եկեղեցուն և շարունակելու է նույն կերպ գործել։
«Փաշինյանին չի հաջողվելու հաջողություն ունենալ եկեղեցու հարցում, չի հաջողվելու հաջողություն ունենալ Սահմանադրության հարցում, չի հաջողվելու հաջողություն ունենալ Տիգրանաշենի հարցում»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ, իր կարծիքով, վարչապետը նույնպես դա հասկանում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






