«Ուժեղ Հայաստան» դաշինքը կմասնակցի Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Իհարկե, մասնակցելու ենք։ Մի քանի օրից կներկայացնենք, թե որ համայնքներում»,- նշել է Կարապետյանը։
ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հուլիսի 7-ին հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ընդգծելով, որ իր գլխավորած ուժը մտադիր է քաղաքական փոփոխություններն սկսել մարզերից, մասնակցել ՏԻՄ ընտրություններին և հաղթանակներ տանել։ Ընտրություններին մասնակցելու մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել էր նաև «Հայաստան» դաշինքը։
Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






