ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու տիեզերական ոլորտում համագործակցության խորացումը, հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում։ Մինչ բանակցությունները կայացել է Փաշինյանի դիմավորման արարողությունը։
Մակրոնը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և կարևորել երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ ռազմավարական համագործակցության մասին երկկողմ հռչակագրին համապատասխան։
Փաշինյանն, իր հերթին, կարևորել է տիեզերական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը՝ նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղությամբ առավել առարկայական գործընկերությամբ։
Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում անցկացվում է սեպտեմբերի 9-10-ը։ Ելիսեյան պալատի տվյալներով՝ միջոցառմանը մասնակցում է շուրջ 2000 ներկայացուցիչ՝ տարբեր պետություններից և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև արդյունաբերական ու գիտական շրջանակներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






