«Միասնության թևեր» կուսակցությունն այսօր՝ հունիսի 19-ին, Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով, հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։
Կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը դիմումը մուտքագրելուց հետո լրագրողներին հայտնել է, որ նախ և առաջ պայքարելու են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։
«Մենք հայտարարել ենք, որ նախ և առաջ չենք ընդունում ընտրության արդյունքները և հետամուտ ենք լինելու իրավական ճանապարհով ամբողջ գործիքակազմը օգտագործելուն և ըստ այդմ քայլեր ձեռնարկել ենք»,- նշել է նա։
Դրմենյանը հիշեցրել է, որ նախ դիմել են ամբողջ Երևան քաղաքում և որոշ մարզային ընտրատարածքային հանձնաժողովներ վերահաշվարկի համար, այնուհետև դիմում ներկայացրել ԿԸՀ արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու խնդրանքով։ Սակայն ըստ նրա՝ համապատասխան նիստը ճի համապատասխանել իրրավական չափանիշներին։
«Նիստը ուղղակի մեղմ ասած խայտառակություն էր, իրավական տեսանկյունից ոչ մի կարգ չէր պահպանվում, միջնորդությունները նորմալ քննության առարկա չէին դառնում և հաջորդ փուլը դատական ճանապարհն էր»,- պարզաբանել է Դրմեյանը։
Նա հիշեցրել է, որ վարչական դատարան հայց են ուղարկել, որով վիճարկել են հունիսի 14-ի ԿԸՀ ընդունած որոշումներից մեկը։
«Ինչպես գիտեք, երկու որոշումներ ընդունել հանձնաժողովը, դրանցից մեկը վարչական դատարան ենք բողոքարկել և այսօր արդեն մուտքագրեցինք դիմումը Սահմանադրական դատարան, որով վիճարկում ենք ընտրություններն անվավեր ճանաչել»,- պարզաբանել է նա։
Դրմեյանի խոսքով՝ խնդիր չեն դրել երկրորդ փուլ նշանակելու հարցը, կենտրոնացել են միայն անվավեր ճանաչելու վրա։
«Մեր համոզմամբ այն խախտումները, որոնք առկա են եղել և ընտրությունը, քվեարկության օրը և ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կոմուլյատիվ ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա և չի պահպանվել ընտրությունների հավասարության սկզբունքը»,- շեշտել է նա։
Դրմեյանը նաև ընդգծել է, որ որպես խախտումների հիմք ներկայացնում են ճնշումները ոչ միայն քաղաքական ուժերի նկատմամբ, այլ առաջին հերթին հենց ընտրողների և ընտրազանգվածի նկատմամբ։
«Քաղաքացիների նկատմամբ այնպիսի միջոցների գործադրում է տեղի ունեցել, որ նրանք զերծ մնան, օրինակ, կոնկրետ դեպքում «Միասնության թևերի» հավաքներին ներկայանալուն կամ միջոցառումներին ներկայանալուն»,- մեկնաբանել է նա։
Ինչ վերաբերում է նախընտրական հիմնադրամի ֆինանսավորմանը, ապա կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ ՔՊ-ն նախընտրական հիմնադրամի օրենքով սահմանված շեմը հատել է։
«Նախընտրական հիմնադրամում չեն ներառվել մի շարք ծախսեր, որոնք փաստացի կատարվել են մեր համոզմամբ, կամ ներկայացվել են ծախսեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը, այն ծավալը, որը որ ներկայացված է (800 մլն դրամ), մենք դրանք ևս բարձրաձայնել ենք ներկայացրել ու դրա մասին նաև փաստարկված ներկայացրեցինք ԿԸՀ-ին, խնդրեցինք փորձագետ ներգրավել ճիշտ հաշվարկներ կատարելու համար, որը մերժեց մեր միջնորդումը»,- մանրամասնեց Դրմենյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը այսօր՝ հունիսի 19-ին, դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով կա՛մ անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, կա՛մ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ։
Եվս 3 ուժ հայտնել էր, որ կդիմի ՍԴ՝ վիճարկելու ընդրությունների արդյունքները։
«Հայաստան» դաշինքը հունիսի 9-ին հայտարարել էր, որ վերջնական արդյունքների հրապարակումից հետո ծանրակշիռ փաստերով կդիմի ՍԴ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ՝ հունիսի 18-ին, հայտնել էր, որ դիմելու է ՍԴ՝ պահանջելով վերաքվեարկություն անցկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից անվավեր ճանաչված 3 ընտրատեղամում։ Հունիսի 15-ին «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը ՍԴ-ում հայտնել էր Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկելու մտադրության մասին՝ պնդելով, որ ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել ընտրողների իրական կամարտահայտության վրա։





































