Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը, ով կարծիք էր հայտնել Կիրանցում հունիսի 7-ին կայացած ընտրությունների պատկերի մասին, ազատվել է աշխատանքից՝ այդ հրապարակումը չհեռացնելու պահանջից հետո։
«Արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։ Հիմնական պատճառն այն փոստս էր, որը հրաժարվել եմ ջնջել»,- գրել է նա։
Վարդանյանը նշել էր, որ Կիրանցում միշտ ընտրություններին մասնակցել է շուրջ 200 ընտրող, իսկ 2026 թվականին ընտրողներ թիվը 401 մարդ էր, որից ընտրություններին մասնակցել էր 307-ը։ Նա նշել է, որ Կիրանցում ընտրել են նաև սահմանապահներ, ժամկետային զինծառայողները, ինչպես նաև Կիրանցում չապրող, այստեղ գրանցում չունեցող մարդիկ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գյուղում 170 ձայն է ստացել։
«Սիրելի իշխանություն, դուք թքած ունեք այս մարդկանց վրա։ Ձեր համար կարևորն այն է, որ ցույց տաք՝ Կիրանցում մարդիկ գոհ ու շնորհակալ են։ Եվ էական չէ, թե, իրականում, ինչ են մտածում ու զգում այս մարդիկ»,- հավելել է Վարդանյանը։
Նա նաև ընդդիմադիրներին կոչ է արել դադարեցնել հասարակ մարդկանց դարձնել քավության նոխազ։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պահանջել նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։ ԿԸՀ-ն ամփոփել էր 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝





































