ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերընտրվելու կապակցությամբ։
«Միացյալ Նահանգները խաղաղության հետապնդման գործում կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին, և մենք հանձնառու ենք առաջ մղել պատմական Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ՝ Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP) նախագծի իրականացումը»,- գրել է Ռուբիոն X-ում:
Նա հավելել է, որ անհամբեր սպասում է համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար:
Ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Փաշինյանին շնորհավորել էին նաև մի շարք երկրների և ԵՄ կառույցների ղեկավարներ։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ Նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 49,825%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,934%։



































