Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կարճ մտքեր են փոխանակել Հայաստանի վերաբերյալ, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է interfax-ը։
«Նրանք երեկ կարճ մտքեր են փոխանակվել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակալից քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չկար»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հնարավորություն են ունեցել «շատ լավ զրույց ունենալ» ոչ պաշտոնական ճաշի ժամանակ։
«Բավականին սերտ շփում էր»,- ասել է Պեսկովը։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
Ավելի ուշ կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:




































