«Ռոսպոտրեբնադզորը» խախտումներ հայտնաբերելուց հետո կասեցրել է Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Կարգավորողի տվյալներով՝ ՌԴ-ում սահմանված պահանջներին չի համապատասխանում «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի արտադրանքը։
Կասեցված ապրանքների ցուցակում ներառվել են «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի արտադրած «Գետափ Վերնաշեն» կիսաքաղցր կարմիր գինին և «Խարջի», «Լեգենդներ Arni» չոր սպիտակ գինին։ Խախտումներ են հայտնաբերվել նաև Աբովյանի կոնյակի գործարանի արտադրության հնգամյա «Հայկական կոնյակ 5 աստղ» և «Շահնազարյան ХО» 7-ամյա հնեցված կոնյակների մեջ։
Գերատեսչությունն առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին տեղեկատվություն է ուղարկել նշված արտադրանքի իրացման կասեցման և այն շրջանառությունից հանելու անհրաժեշտության մասին։
ՌԴ-ն սահմանափակել էր նաև ՀՀ-ից ծաղիկների, մրգերի ու բանջարեղենի մատակարարումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ՝ մինչև ջերմատնային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծությունը, կասեցրել «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
Կարդացեք նաև՝





































