Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել՝ պահանջելով նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերից և հանրային դերակատարներից հրապարակային խոսքում բացառել պիտակավորող, խտրական և ատելություն տարածող ձևակերպումները, տեղեկանում ենք ՄԻՊ էջից։
«Անթույլատրելի են սեռի, հաշմանդամություն ունենալու, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրների, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների և նման այլ հիմքերով թիրախավորող արտահայտությունները»,- նշել է պաշտպանը՝ հստակեցնելով, որ խոսքը, մասնավորապես, էթնիկ պատկանելություն ցույց տվող տերմինները որպես վիրավորանք օգտագործելու մասին է։
Ըստ օմբուդսմենի՝ շարունակվում են նաև կրոնական ազատությունների երաշխիքների պահպանման հետ կապված խնդրահարույց իրավիճակները։
Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարել հրապարակային խոսքի նման դրսևորումները, ինչպիսիք են եկեղեցու, կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և աթեիստների թիրախավորման դեպքերը, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ խտրական ու ատելության խոսքի կիրառումը։


























