ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքի 8-րդ հոդվածում: Այն սահմանում է մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջ:
Նախագծով առաջարկվում է այդ պահանջը հանել և ընկերությունների հիմնական ուղղության պահպանման և դրա ժամկետների սահմանման լիազորությունները վերապահել Կառավարությանը, որը յուրաքանչյուր դեպքում, ելնելով առկա վիճակից ու առողջապահական ոլորտում տարվող քաղաքականությունից, կսահմանի հիմնական ուղղության պահպանման անհրաժեշտությունը և ժամկետները:
Նշվում է, որ անցնող տարվա ընթացքում 3 փոփոխություն է կատարվել առողջապահական ընկերությունների հետ կապված, 3 հիմնարկ դուրս է եկել ցանկից՝ Ֆանարջյանի անվան ինստիտուտը, Այրվածքաբանության բժշկական կենտրոնը և Մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնը: Սրանք դուրս են եկել մասնավորեցման ցանկից, մյուսների դեպքում կա ոչ այնքան նպատակահարամարություն, ոչ այդքան հետաքրքրվածություն: Առողջապահականներից մնացել է 4-5ը և դրանք նախարարությունը, որպես այդպիսին, պահպանելու առաջնահերթություն չի սահմանել, և մոտեցումը հետևյալն է, որ այդ ծառայությունները կարող են մատուցվել այլ տեղերում և եթե չպահպանեն պրոֆիլը, խնդիր չէ, կարող են մատուցվել այլ տեղերում: Եթե լինի մասնավորեցման որոշումը, այդ ժամանակ կքննարկվենի թեˊ աշխատակիցների 6 ամսով պահպանման հարցը, թե՛ պրոֆիլի պահպանման հարցը։
Պատգամավորները հարց բարձրացրեցին` կարո՞ղ է արդյոք բուժհաստատությունը մասնավորեցվել և դառնալ հյուրանոց, ինչին ի պատասխան հնչեց, որ հնարավոր է, քանի որ կլինեն դեպքեր, որ այդ կենտրոնները կարող են ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնել որպես բիզնես կենտրոն կամ հյուրանոց, բայց ոչ որպես բուժհաստատություն, որովհետև արդեն հագեցած է կամ պետպատվեր չի ստանա, իսկ այդ հիմնարկը տարիներ շարունակ գոյատևել է պետպատվերի շնորհիվ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







