2025 թվականի ընթացքում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի իրականացրած աշխատանքների թվում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է նաև սփյուռքում բնակվող հայերին Հայ Առաքելական եկեղեցու վերնախավի նկատմամբ առկա դժգոհությունների պատճառները պարզաբանելը։
Ըստ նրա՝ սփյուռքահայերն այլ տեսանկյունից են նայում հարցին, և իրենց «խաթարված ձևով է ներկայացվում ճշմարտությունը»։
«Սա շատ կարևոր աշխատանք է, որովհետև ուժեր կան, որոնք օր ու գիշեր զբաղվում են հենց նման զարգացումները թյուր ձևով ներկայացնելով, որն ազդում է սփյուռքում բարեհոգեբանական իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի հետ կապերի վրա»,- պարզաբանել է նա։
Սինանյանի խոսքով՝ սփյուռքում ապրող մարդիկ հաճախ եկեղեցին են դիտարկում որպես պետականության խարիսխ։
«Սա հաշվի առնելով, բնական է, մենք շատ համբերատար ձևով աշխատում ենք մեր հայրենակիցների հետ, գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ նույնիսկ մարդիկ, որոնք ասում են, թե սա հարձակում է, ասենք, եկեղեցու վրա, որ, իհարկե, շատ-շատ այսպես թերի և ինձ համար անհասկանալի վերլուծություն է»,- շեշտել է նա։
Սինանյանի կարծիքով՝ շատերը չեն կարողանում եկեղեցին տարանջատել «ինչ-որ անհատներից, որոնք անցողիկ են»։ Նա նշել է, որ ՀՀ հայերի ընկալումները եկեղեցու և անհատների տարանջատման շուրջ շատ ավելի հստակ են, քան սփյուռքի հայերինը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կան կալանավորված հոգևորականներ։
Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:



































