Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն պետական և համայնքային հողերն այլևս չեն տրամադրվի սեփականության իրավունքով։ Կառավարությունն առաջարկվող փոփոխության նախագծին հավանություն է տվել դեկտեմբերի 25-ի նիստում։
Եկեղեցուն հողերը կտրամադրվեն ոչ թե սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց, մշտական օգտագործման իրավունքով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, մասնավորապես, առաջարկել է ուժը կորցրած ճանաչել գործող օրենսդրությամբ նախատեսված դրույթը, որը թույլ էր տալիս պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերն անվճար, սեփականության իրավունքով տրամադրել Մայր Աթոռին՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների կառուցման ու սպասարկման նպատակով։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ նման կարգավորումն այլևս անհրաժեշտ չէ, քանի որ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով արդեն նախատեսված է եկեղեցուն պետական և համայնքային հողերն առանց մրցույթի տրամադրել անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը նշել է, որ խոսքը բոլոր եկեղեցիների մասին է, և այսօրվանից Մայր Աթոռը բոլոր եկեղեցիները սեփականության իրավունքով տնօրինելու հնարավորություն չունի։
«Այսքանից հետո կան մարդիկ, ովքեր պնդում են, թե եկեղեցու դեմ արշավ չի իրականացվում»,- հավելել է իրավաբանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Մայր Աթոռին առնչվող օրինագծերը տարբեր գործիչներ պայմանավորում են եկեղեցու դեմ իշխանությունների գործողություններով։
Կարդացեք նաև՝





































