Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձել է որոշ քահանաների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված Հայաստանի Առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը միանալը։
Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ եկեղեցու բարենորոգման իր նախաձեռնությանը միացել է 13 քահանա։ Նա ողջունել է քահանաների «խիզախ» որոշումը և պատրաստակամություն հայտնել հանդիպել նրանց հետ։ Ի պատասխան՝ տասնյակ քահանաներ իրենց հավատարմությունն են հայտնել եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ սոցիալական ցանցերում հանդես գալով համապատասխան հայտարարությամբ։
Տեր Ասողիկը շեշտել է, որ Հայոց եկեղեցին զորեղ է, և այս փորձությունն ամրությամբ և իմաստությամբ կհաղթահարի, ինչպես անցյալի բոլոր փորձությունները: Նա բնական է համարել «ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ նույնատիպ մի քանի քահանայի» ի հայտ գալը։
Էջմիածնի միաբանը նաև նշել է, որ բոլոր «այս աստվածուրաց և հակաեկեղեցական՝ գայթակղեցնող գործողություններն ու անձերը, որոնք այլևս աստվածային պատժի ներքո են, արժանանալու են Սուրբ եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին»:
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կան կալանավորված հոգևորականներ։
Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:




































