Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ դատախազության բողոքն ու անփոփոխ է թողել Ալբերտ Առստամյանին «խնձորի գործով» արդարացնելու Առաջին ատյանի դատարանի վճիռը, Armenia Today-ին հայտնեց Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։
Ռաֆայելյանի խոսքով՝ Վաչե Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստին ներկա չեն գտնվել ո՛չ Առստամյանը, ո՛չ նրա պաշտպանը։
2024թ. օգոստոսի 23-ի երեկոյան, երբ վարչապետն այցելել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն, 74-ամյա արցախցի Առստամյանը 9-րդ հարկի իր պատուհանից խնձոր էր նետել նրա ուղղությամբ։ Նույն օրն իրավապահները բերման էին ենթարկել տղամարդուն։
Առստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել խնձոր նետելու միջադեպի համար, իսկ քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով (ազատազրկման առավելագույն ժամկետը՝ 2 տարի): Ապրիլի 11-ին դատարանը արդարացրել էր նրան՝ գտնելով, որ նրա գործողությունների մեջ չկան խուլիգանության տարրեր։ Դատախազությունը օգոստոսին բողոքարկել էր Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը։
Արաքսյա Սնխչյան



































