Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին այցելել են Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել ազատությունից զրկված անձանց, «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի հետ, հայտնել են ՄԻՊ աշխատակազմից։
Գրասենյակից փոխանցել են, որ Մանթաշյանը բողոքներ չի ներկայացրել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կամ պահման պայմանների վերաբերյալ, սակայն մտահոգություն է հայտնել իր նկատմամբ երկարաժամկետ կալանքի իրավաչափության մասին։ ՄԻՊ-ը նշել է, որ նման խնդիր պարբերաբար բարձրաձայնում են նաև այլ կալանավորվածներ։
«Կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել միայն բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»,- ՄԻՊ աշխատակազմը փոխանցել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիրքորոշումը։
ՄԻՊ-ից հավելել են, որ Մանասյանի դիրքորոշմամբ՝ կալանքի ինստիտուտի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել համակարգային այլ խնդիրներ։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
Նոյեմբերի 20-ին դատարանը փոխել էր «Սրբազան պայքարի» գործով երեք մեղադրյալի խափանման միջոցը, սակայն Մանթաշյանը դեռ կալանքի տակ է։






































