Դատարանը փոխել է «Սրբազան պայքարի» գործով ամբաստանյալ Կարո Օկումուշյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով և սահմանելով 1,5 մլն դրամ գրավ, հայտնել է շարժման տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ դատարանը հաշվի է առել Օկումուշյանի երկու անչափահաս երեխաների առկայությունը:
Շարժման տեղեկություններով՝ դատարանը փոխել է նաև գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը. տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, մինչդեռ պահպանվել են ելքի սահմանափակումները և գրավը:
Դատարանը վերանայել է նաև Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը: Տնային կալանքը վերացվել է, դրա փոխարեն նշանակվել է վարչական հսկողություն և ելքի արգելք:
Միաժամանակ՝ դատարանը մերժել է շարժման մեկ այլ մասնակցի՝ Մովսես Շարբաթյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: Նա կալանքի տակ կմնա ևս երեք ամիս։
Լիդյա Մանթաշյանի կալանքը դատարանի որոշմամբ երկարացվել է 3 ամսով:
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:





































