Դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացրել է։
Գալստանյանը կալանքի տակ է արդեն 5 ամիս:
Նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը նիստի սկզբում կրկնել է իրենց դիրքորոշումը՝ մեղադրանքը շինծու է: Նա շեշտել է, որ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարի քրրեակատարողական հիմնարկում մնալն անարգանք է ոչ միայն երկրի իրավապահ համակարգի նկատմամբ, այլև Հայ Առաքելական եկեղեցու ու հայ հասարակության:
Խուդոյանի համոզմամբ՝ մեղադրանքում առկա տվյալները բացարձակ կապ չունեն որակվող ահաբեկչության դրվագի հետ, իսկ «ապացույցները» նա անվանել է կեղծ:
«Դատարանն ի գիտություն է ընդունել կալանքների առկայությունը, չի անդրադարձել հիմնավոր կասկածին և անցել առաջ»,- ասել է նա՝ հարցնելով, թե պատրաստվո՞ւմ է դատարանը հիմնավոր կասկածը գնահատել՝ հաշվի առնելով ապացույցների վերաբերյալ վերոնշյալ հանգամանքը:
Բարձրաստիճան հոգևորականն իր ելույթում հարց է ուղղել. «Ի՞նչ խղճով եք արտահայտություններ անում, որոնց չեք կարողանալու հետո պատասխան տալ»:
Գալստանյանն ասել է, որ որևէ ապացույց դատական նիստերի ընթացքում չի ներկայացվել, այնինչ՝ իրենց ներկայացնում են որպես հանցագործներ: Նա շեշտել է, որ ակնկալիք չունի, քանի որ պայքարի մեջ է Հայաստանի և կորսված Արցախի համար, ու մնալու է պայքարի մեջ՝ լինի բանտում, թե գերեզմանում:
Հունիսի 26-ի գիշերը դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը՝ Գալստանյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Գործով կալանավորվել էին նաև «Սրբազան պայքարի» այլ անդամներ: Օգոստոսի 21-ին նրա կալանքը երկարաձգվել էր:






































