Փարիզի վերաքննիչ դատարանը երկուշաբթի՝ նոյեմբերի 10-ին, որոշել է ազատ արձակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին և փոխարենը նրան պահել դատական հսկողության տակ, հաղորդում է DW-ն։
Այդ կերպ դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ կապված 70-ամյա Սարկոզիի պաշտպանների բողոքարկման հետ:
Սարկոզին բանտում անցկացրել է շուրջ երեք շաբաթ։ Կալանավայրից դուրս գալուց հետո նախկին նախագահը պարտավոր է կրել էլեկտրոնային ձեռնաշղթա ոտքին։ Նրան արգելված է շփվել իր գործով մեղադրյալների և վկաների հետ։
Հեռավար նիստի ընթացքում Ֆրանսիայի նախկին առաջնորդն իր կալանքը բնութագրել է «շատ ծանր» և «հյուծող», իսկ փաստաբանները պահանջել են նրան վաղաժամ ազատ արձակել։
Սարկոզին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման։ Փարիզի քրեական դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահին մեղավոր էր ճանաչել 2005-2007 թվականներին Լիբիայի կառավարության կողմից իր ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված հանցավոր դավադրության մեջ։
Նա պատիժը կրում էր Փարիզի «Սանտե» բանտում, ուր տեղափոխվել էր հոկտեմբերին։ Ֆրանսիայի նախկին նախագահն արդարացվել էր այլ մեղադրանքներից, մասնավորապես՝ պետական միջոցների հափշտակությունը թաքցնելու և պասիվ կոռուպցիայի դրվագներով։



































