Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման, այսօր տեղափոխվելու է կալանավայր, գրում է BFMTV-ն։
Նախկին նախագահը պատիժը կրելու է Փարիզի «Սանտե» բանտում։ Նրա մեքենան կմտնի բանտի տարածք, որտեղ նրան անձամբ կընդունի քրեակատարողական հաստատության տնօրենը։ Սարկոզիին կտեղավորեն խիստ պահպանվող բաժնի՝ 11 քմ չափի խուց։
BFMTV-ի տվյալներով՝ Սարկոզին կունենա այցերի, նամակագրության և հեռախոսային կապի իրավունք, ինչպես նաև կկարողանա մասնակցել կրոնական ծեսերի։ Նրան կթույլատրվի օգտվել բանտային հաշվից՝ փոքր գնումների համար։ Օրական առնվազն մեկ ժամ կկարողանա զբոսնել բացօթյա բակում՝ առանձնացված կալանավորների համար նախատեսված տարածքում, որտեղ տեղադրված են մարզման սարքավորումներ։ Սարկոզիի խցում կլինի փոքր հեռուստացույց, սակայն բջջային հեռախոս չի թույլատրվի:
Փարիզի դատարանը սեպտեմբերի 25-ին 70-ամյա Սարկոզիին դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման՝ 2007 թվականի նախագահական քարոզարշավի լիբիական ֆինանսավորման գործով։ Այս գործով քննությունն սկսվել էր դեռևս 2012 թվականին, երբ Mediapart-ը փաստաթղթեր էր հրապարակել, համաձայն որոնց՝ Լիբիայի իշխանությունները 50 միլիոն եվրո են փոխանցել Սարկոզիի 2007-ի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար։




































