Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ հոկտեմբերի 26-ին ոստիկանները փորձել են բերման ենթարկել Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանին, սակայն ձախողվել են: Այս մասին փաստաբանը գրել է Ֆեյսբուքում:
Միջադեպը, ըստ Զոհրաբյանի, տեղի է ունեցել, երբ քահանան առավոտյան գնում էր Սաղմոսավանք՝ Սուրբ պատարագ մատուցելու:
«Առաջին անգամ փորձ կատարեցին բերման ենթարկել Աշտարակ քաղաքում՝ Թեմի առաջնորդարանի շենքի դիմաց, սակայն երբ տեսան, որ ուղեկցող մարդիկ կային, հեռացան: Երկրորդ անգամ՝ դեպի Սաղմոսավանք ճանապարհին, երբ փորձում էին մեքենայից քահանային հարկադրաբար բերման ենթարկել, Տեր Փառենը զանգահարել է ինձ և բարձրախոսով խոսել ենք»,- նշել է Զոհրաբյանը` հրապարակելով նաև իրենց ու ոստիկանների խոսակցությունը:
Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է քահանան ոստիկանին ասում, որ գնում է «Քրիստոսի մարմինն ու արյունը բաշխի հավատացյալ ժողովրդին»: Իրավապահները, Զոհրաբյանի պնդմամբ, նրան բերման չեն ենթարկել Տեր Փառենի համառության շնորհիվ՝ նաև համոզվելով, որ նա գնում է Սաղմոսավանք, ոչ թե Հովհաննավանք, որտեղ պատարագ էր մատուցում կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում տեր Արամ-խմբ.):
Ասատրյանը հոկտեմբերի 21-ին կարգալույծ էր հռչակվել, բայց հրաժարվել էր ընդունել կարգավիճակը: Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ասատրյանը, այսպես կոչված, պատարագ էր մատուցել, որին մասնակցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև՝






































