Մերձավանի սպանությունների մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը մեկ ամիս հետևել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին և սեպտեմբերի 24-ին իրականացրել իր մտադրությունը, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այս և փետրվարի 5-ին Մերձավան համայնքում տեղի ունեցած դեպքերը փոխկապակցված են։ Պողոսյանը նշել է, որ փետրվարի 5-ի վեճի շարժառիթն ավոտմեքենան արագ վարելն էր, որի հետևանքով կողմերից մեկը ծեծի էր ենթարկել մյուս կողմին, որից հետո տեղի էր ունեցել զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանվել էր Գրիգոր Օհանյանը։
Ըստ ՔԿ նախագահի՝ Գրիգորյանի սպանությունից հետո 100 անձի նկատմամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական տարատեսակ միջոցառումներ, որի արդյունքում ձերբակալվել են Գրիգոր Օհանյանի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
«Անձը խոստովական ցուցմունքներ տվեց, նշեց, որ պատճառը վրեժխնդրությունն էր փետրվարի 5-ի տեղի ունեցած դեպքի հետ կապված։ Ըստ մեղադրյալի՝ ինքը մտերիմ և շատ մոտ հարաբերությունների մեջ էր մահացած Գրիգոր Օհանյանի, ինչպես նաև Նարեկ Օհանյանի հետ և, իր կարծիքով, քանի որ իր ընկերը մահացել էր Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից, մեղավոր համարում էր Գրիգորյանին, և հիմնական նպատակը նրան կյանքից զրկելն էր»,- ասել է Պողոսյանը։
Նա հավելել է, որ Օհանյանը հրաժարվում է ցուցմունք տալ և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Մերձավանում Փարաքարի (Արմավիրի մարզ) համայնքապետի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել: Երկու անձ կալանավորվել է: Նրանցից մեկը Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը և Մերձավանի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին։
2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։






































