Մոսկվայի Տագանսկի դատարանը Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու գործով 17 օրով կալանավորել է բլոգեր Արսեն Մարգարյանին, հայտնում է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։
Դատական նիստում բլոգերը առարկել է կալանքի տեսքով խափանման միջոցի ընտրության դեմ։ Նա հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ քրեական գործի հիմք հանդիսացող տեսանյութում ինքը չի խոսում։
«Ես չեմ ճանաչում այս տեսանյութում պատկերված անձին, ծանոթ չեմ ալիքին, ես այն չեմ ստեղծել կամ չեմ կառավարել, […] ես այս տեսանյութը չեմ ձայնագրել և ոչ մեկին չեմ ուղարկել։ Ցանկանում եմ նշել, որ բացարձակապես համաձայն չեմ այս տեսանյութում ասվածի հետ»,- հայտարարել է նա։
Մարգարյանը ձերբակալվել էր օգոստոսի 23-ին։
2024 թվականին Անվտանգ ինտերնետի լիգայի ղեկավար Եկատերինա Միզուլինան հայտարարել էր բլոգերի դեմ դատախազություն բողոք ներկայացնելու մտադրության մասին՝ կանանց մասին նրա խոսքերի պատճառով: Մասնավորապես, «առցանց խորհրդակցություններից» մեկի ժամանակ նա պնդել էր, որ «օգտակար փորձ է մեկին բռնաբարելը»։ Մարգարյանը հայտնի է կանանց նկատմամբ ատելության դրսևորումներով և տասնյակ հազարավոր անդամներ ունեցող փակ համայնք ստեղծելով, որը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, նրան խոշոր եկամուտ է բերում։
2024 թվականի սեպտեմբերին սոցիալական ցանցերում դժգոհությունից հետո չեղարկվել էր Մարգարյանի մասնակցությունը Երևանում նախատեսված բիզնես դասախոսություններին։ Կազմակերպիչները որոշումը բացատրել էին սպառնալիքներով և «սպասվող սադրանքներով»։ Մարդու իրավունքների պաշտպաններն ու հասարակական գործիչները հանդես էին եկել բլոգերի ելույթի դեմ՝ հիշելով նրա «սեքսիստական և հակահայկական հայտարարությունները»։





































