Բլոգեր Արսեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու հոդվածով, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի դեպարտամենտին:
Նշվում է, որ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածի 4-րդ մասով՝ հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու համար, որը կատարվել է լրատվամիջոցների կամ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերի, այդ թվում՝ համացանցի միջոցով:
Բլոգերին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում: Հարցաքննության ժամանակ նա չի ընդունել մեղքը: Հետաքննությունը միջնորդություն կներկայացնի Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ կալանքի տեսքով:
Այսօր ավելի վաղ նա ձերբակալվել էր Մոսկվայի մերձակայքում գտնվող Կուբինկայում:
2024 թվականին Անվտանգ ինտերնետի լիգայի ղեկավար Եկատերինա Միզուլինան հայտարարել էր բլոգերի դեմ դատախազություն բողոք ներկայացնելու մտադրության մասին՝ կանանց մասին նրա խոսքերի պատճառով: Մասնավորապես, «առցանց խորհրդակցություններից» մեկի ժամանակ նա պնդել էր, որ «օգտակար փորձ է մեկին բռնաբարելը»։ Մարգարյանը հայտնի է կանանց նկատմամբ ատելության դրսևորումներով և տասնյակ հազարավոր անդամներ ունեցող փակ համայնք ստեղծելով, որը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, նրան խոշոր եկամուտ է բերում։
2024 թվականի սեպտեմբերին սոցիալական ցանցերում դժգոհությունից հետո չեղարկվել էր Մարգարյանի մասնակցությունը Երևանում նախատեսված բիզնես դասախոսություններին։ Կազմակերպիչները որոշումը բացատրել էին սպառնալիքներով և «սպասվող սադրանքներով»։ Մարդու իրավունքների պաշտպաններն ու հասարակական գործիչները հանդես էին եկել բլոգերի ելույթի դեմ՝ հիշելով նրա սեքսիստական և հակահայկական հայտարարությունները։


























