Ադրբեջանը Լաչինի միջանցքի Հակարի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում թույլ չի տալիս կացության թույլտվություն ունեցող քաղաքացիներին մուտք գործել Արցախ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Անցակետի տեղադրումից ի վեր առնվազն երեք նման դեպք է գրանցվել՝ երկու կնոջ և մեկ երեխայի մուտքն արգելվել է։ Այս քաղաքացիները հաշվառված են Հայաստանում, բայց ընտանիքներով միշտ ապրել են Արցախում: Արձանագրված բոլոր դեպքերում քաղաքացիները թեև ունեցել են ՀՀ հաշվառում, այնուամենայնիվ, մշտապես բնակվել են Արցախում, ընդ որում, նրանց ընտանիքները ևս բնակվում են Արցախում»,- գրել է Ստեփանյանը։
Նա հավելել է, որ այս քաղաքացիները բուժման նպատակով մեկնել են Հայաստան, այժմ չեն կարող տուն վերադառնալ։ «Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը թույլատրել է նրանց ելքն Արցախից՝ կամայական ու ապօրինի կերպով արգելելով մուտքը»,- ասաց Ստեփանյանը։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Հայաստանի և Արցախի սահմանին՝ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Հակարի կամուրջը։ Նույն օրը Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարեց Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







