Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանը դատարանում վիճարկել է իրեն աշխատանքից ազատելու մասին ռեկտորի հրամանը՝ պահանջելով այն անվավեր ճանաչել, տեղեկանում ենք Datalex.am դատական տեղեկատվական համակարգից։
Նա պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար նախատեսված միջին աշխատավարձը։
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի դեմ հայցը Երևանի քաղաքացիական դատարան էր ներկայացվել սեպտեմբերի 15-ին։
Ղազինյանը վիճարկում է ԵՊՀ ռեկտորի՝ օգոստոսի 17-ի հրամանը։ Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սաղոյանին։
Ղազինյանի որդին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը, Armenia Today-ին ասել էր, որ ԵՊՀ-ից հոր հեռացումը կապում է իր քաղաքական գործունեության հետ։
Գագիկ Ղազինյանը երկար տարիներ ղեկավարել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և հանդիսացել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







