Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամի գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Գլխավոր դատախազությունը News.5tv.am-ին հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ աշխատանքից ազատվելը կապված չէ կաթողիկոսի գործի հետ։ Գերատեսչությունից ընդգծել են, որ հենց Գալստյանն է հարուցել հանրային քրեական հետապնդումը և մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկել դատարան։
News.5tv.am-ը, հղում անելով աղբյուրին, հայտնում է, որ ի սկզբանե Գլխավոր դատախազության ղեկավարությունը Գալստյանին ասել է, որ գործն «անհեռանկար է» և կկարճվի նախաքննության փուլում, ուստի նա ստիպված չի լինի դատարանում հրապարակայնորեն պաշտպանել մեղադրանքը։
Լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով՝ գործն, այնուամենայնիվ, ուղարկվել է դատարան, ինչից հետո Գալստյանը որոշել է ազատման դիմում ներկայացնել։ Աղբյուրը նրա որոշումը կապել է դատարանում մեղադրանքը պաշտպանել չցանկանալու հետ։ Գլխավոր դատախազությունը հերքել է այս վարկածը։
News.5tv.am-ի տվյալներով՝ գործով հանրային մեղադրող է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը։
Վահագն Մելիքյանը Գարեգին Բ-ի գործով երրորդ դատավորն էր, որը հրաժարվել էր գործի քննությունից։ Նա վարույթ չէր ընդունել Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամի վերաբերյալ քրեական գործը և այն ուղարկել էր Վճռաբեկ դատարան՝ տարածքային ընդդատության հարցը լուծելու համար։
Գործով առաջին դատավորն ինքնաբացարկ էր հայտնել, երկրորդը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը, կասկածի տակ էր դրել Գարեգին Բ-ի և վեց հոգևորականի գործի տարածքային ընդդատությունը և գործն ուղարկել էր Երևանի քրեական դատարան։ Գարեգին Բ-ի պաշտպանները պնդում են, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզում։
Գարեգին Բ-ին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամի մեղադրում են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) պաշտոնավարման վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։
Փետրվարին դատախազությունը Գարեգին Բ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել և արգելել նրա ելքը Հայաստանից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







