Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստին դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նիստը տևել է շուրջ 20 րոպե։
Զոհրաբյանի խոսքով՝ Մանուկյանը նախկինում եղել է փաստաբան, իսկ նրա ուսումնառության և արտոնագրման փուլում արտոնագիրը հանձնել է հենց ինքը։ Փաստաբանը նշել է, որ դա իրավական առումով ինքնաբացարկի պարտադիր հիմք չէր, սակայն դատավորը որոշել է հրաժարվել գործի քննությանը մասնակցելուց՝ հնարավոր կասկածներից խուսափելու համար։
«Ողջունում եմ նրա քայլը, քանի որ նա հրաժարվեց մաս կազմել այս գործընթացին։ Դատել Ամենայն Հայոց Կաթողիկոսին արդեն իսկ կաշկանդող հանգամանք է»,– ասել է Զոհրաբյանը։
Գործը պետք է մակագրվի մեկ այլ դատավորի, որից հետո կնշանակվի նոր դատական նիստ։ Դրա օրը դեռ հայտնի չէ։
Պաշտպանական կողմը հայտարարել է, որ քրեական հետապնդումը դիտարկում է որպես պետության միջամտություն Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին։ Զոհրաբյանի խոսքով՝ Կաթողիկոսին և եպիսկոպոսներին մեղադրանք է առաջադրվել իրենց կանոնական լիազորությունների իրականացման հետ կապված գործողությունների համար։
Նա նաև հայտնել է, որ պաշտպանությունը կպահանջի ապահովել դատավարության դռնբաց անցկացումը։
Նիստին ներկա են եղել դատախազության ներկայացուցիչները և տուժող ճանաչված Արման Սարոյանը՝ նախկին եպիսկոպոս Գևորգը։
Դատավարության մեկնարկից առաջ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ քաղաքացիներ, հոգևորականներ և քաղաքական գործիչներ են հավաքվել՝ ի աջակցություն Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների։ Դեպքի վայրից ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Դատարանի շենքի մոտ նիստից առաջ հավաքվել էին քաղաքացիներ, հոգևորականներ և քաղաքական գործիչներ՝ ի աջակցություն Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների։ Կաթողիկոսը դատարան է ժամանել հոգևորականների ուղեկցությամբ։ Նրան դիմավորել են ծափահարություններով և «Վեհափառ» վանկարկումներով։
Հավաքվածները հոգևոր երգեր են կատարել, միասին արտասանել «Հայր մեր» աղոթքը։ Մասնակիցներից ոմանք տեղի ունեցող գործընթացն անվանել են «ազգային ամոթի օր»։
«Շատ փորձություններ է հաղթահարել Հայոց եկեղեցին։ Ցավալի է, որ այս անգամ փորձությունը հենց հայ ազգի ներսում է, բայց Եկեղեցին Աստծո օրհնությամբ է գործում»,– ասել է հոգևորականներից մեկը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայ Առաքելական Եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսին պաշտոնանկ անելու ընթացակարգ գոյություն չունի։
Նրա խոսքով՝ Կաթողիկոսին ընտրում է հայ ժողովուրդը, իսկ պետությունն իրավունք չունի միջամտելու Եկեղեցու ներքին գործերին։ Կարապետյանը նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը։
«Հազար լծակ կարող են գործարկել՝ դա չի աշխատի»,– ասել է նա։
Կարապետյանը նաև ընդգծել է, որ վարչապետի պաշտոնը որևէ մեկին իրավունք չի տալիս գործել սեփական ցանկությամբ։
«Այն, որ դու վարչապետ ես, չի նշանակում, որ ինչ ուզես, կարող ես անել»,– նշել է նա։
Դատարանից հետո հավաքվածները Գարեգին Բ-ին ուղեկցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Մայր Տաճարում միասին մասնակցել են պատարագի։
Գործը վերաբերում է դատարանի որոշման ենթադրյալ չկատարմանը, որով Հայ Առաքելական Եկեղեցուն արգելվել էր խոչընդոտել կարգալույծ հռչակված եպիսկոպոս Գևորգին՝ աշխարհիկ անունով Արման Սարոյանին, կատարել Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականությունները՝ մինչև նրա հայցի վերջնական քննությունը։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Գարեգին Բ-ին և մյուս մեղադրյալներին կարող է սպառնալ մինչև երկու տարվա ազատազրկում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







