ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննարկվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող պետական մարմինների փոխգործակցությունը, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նիստը տեղի է ունեցել ԱԱԾ տնօրեն Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Մասնակիցները քննարկել են պետական կառույցների աշխատանքների համակարգման, ինչպես նաև մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի կիրարկման հարցերը։
Սիմոնյանը ներկայացրել է նաև նախորդ նիստի արդյունքներով տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամներին տրվել են նոր հանձնարարականներ, սահմանվել են հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները։
Հաձնաժողովի նախորդ նիստը կայացել էր 2025 թվականի դեկտեմբերի 29-ին, որի ժամանակ Սիմոնյանը նշել էր, որ անհետ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։
ՀՀ քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 191 մարդ, որից172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Բաքվում գտնվող հայ գերիների թիվը, պաշտոնական տվյալներով, 19 է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







