«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել է 2 ամսով, Armenia Today-ին հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը դատական նիստի ավարտին հայտարարել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քարոզչական ծրագրեր ներկայացնելը փորձում է քրեականացնել։ Նրա գնահատմամբ՝ տվյալ դեպքում քրեական գործի հիմքեր ընդհանրապես չկան։
Վարդևանյանը շեշտել է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս ապրիլի սկզբից, սակայն այդ ընթացքում Ավանեսյանի մոտ որևէ ոչ պատշաճ վարքագիծ չի արձանագրվել, ինչը, սակայն, հաշվի չի առնվել։
Փաստաբանի պնդմամբ՝ կալանքի կիրառումն ու տեսակցությունների սահմանափակումը թույլ են տալիս արձանագրել հերթական քաղաքական հետապնդումը։ Նա նաև հավելել է, որ Կանդազի կալանավորումը Հայաստանում որևէ մեկի մոտ դրական հույզեր չի առաջացնելու, մինչդեռ Ադրբեջանում այն կարող է ցնծությամբ ընդունվել, քանի որ տարիներ շարունակ փորձել են վնաս հասցնել Ավանեսյանին։
Ավանեսյանին ձերբակալել էին ենթադրյալ ընտրակաշառքի մեղադրանքով։ Հակակառուպոցիոն կոմիտեն, հրապարակելով ձայնագրություն՝ տեղեկացրել էր, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ «Ուժեղ Հայաստանի» համակրի կողմից ենթադրյալ «ընտրակաշառքի» խոստում է տրվել։ Հաղորդվել էր 4 ձերբակալվածի և նշված մեղադրանքով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Ավանեսյանը պատերազմի հերոս է, լեգենդար հետախույզ։ Մարտին նա ներկայացրել էր «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի 6 կետերը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել: Ուժի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանն այն որակել էր իրավական գործընթացների խեղաթյուրում։
Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կուսակցության անդամներին՝ Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին, ով նաև կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողն է, բերման էր ենթարկել։ Ղումաշյանը մեղադրվում էր ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանը՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Ավելի ուշ դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառել։
Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը մարտին ասել էր՝ տեղեկություններ կան, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին:





































