Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, հայտնել է կուսակցության անդամ, փաստաբան Գոհար Մելոյանը։
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը հայտնել է, որ Ղումաշյանը ձերբակալվել է և նրան բերման են ենթարկել կուսակցության գրասենյակից։
Մելոյանն Armenia Today-ին պարզաբանել է, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ Ղումաշյանին վերագրվող վարույթը վերաբերում է ընտրական շրջանում բարեգործության արգելքի ենթադրյալ խախտմանը։
Նա շեշտել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեից պաշտոնապես այդ մասին իրենց չեն հայտնել։ Մելոյանը նշել է, որ իրավական տեսանկյունից նա ձերբակալվածի կարգավիճակ ունի։
Մելոյանը հիշեցրել է, որ Ղումաշյանը նորածին երեխայի մայր է և շեշտել, որ նրան բերման ենթարկելն «իշխանության վախերի հերթական դրսևորումն ու հերթական ապօրինությունն է»։
«Ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Սա իշխանության վախի դրսևորումն է, որը պայմանավորված է մեր վերջին բազմահազարանոց հանրահավաքով։ Իրենք ամեն կերպ փորձեցին նենգափոխել հանրահավաքի բնույթը և այսպիսի քայլերով ուզում են թիրախավորել ամենախոցելի մարդկանց»,- հավելել է Մելոյանը։
Միևնույն ժամանակ՝ նա զարմանալի չի համարել տեղի ունեցածը՝ շեշտելով, որ մի իրականությունում ենք, ուր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո 18-ամյա աշակերտի (Դավիթ Մինասյան-խմբ․) են ազատությունից զրկում, հիվանդանոցից սայլակով տեղափոխում կալանավայր։
«Այս իրականությունում նորածին երեխա ունեցող կերակրող մորն էլ կարող են այսկերպ ձերբակալել, չենք զարմանա նաև, որ մեղադրանք առաջադրեն»,- շեշտել է Մելոյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ դեռ չկան, սպասում են զարգացումներին։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ի հարցմանը դեռ չեն արձագանքել։
Կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ հարցաքննության է հրավիրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։
«Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հաստատել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների իր ընտրացուցակի առաջին 36 թեկնածուի անունները։ Ղումաշյանն այդ ցուցակում չկա։
Կուսակցության ներկայացուցիչները հավաքվում են Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարկածով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ու նրա օժանդակողը խախտել են ընտրությունների նախաշեմին բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքը։
Կառույցը հրապարակել է գաղտնալսումների հատվածներ, որտեղ ենթադրյալ մեղադրյալներն օգնություն են խոստանում և պնդում է, որ մարտին, բարեգործության անվան տակ, քաղաքացիներին անհատույց դրամական միջոցներ են տրամադրվել ու արտոնյալ պայմաններով ծառայություններ խոստացվել։
Թարմացված է՝ 14.04.2026 | 18:57




































