ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վիճած Միքայել Մարգարյանին ձերբակալել են, հայտնել է Մարգարյանի որդին՝ Յուրին։
Նա նշել է, որ հորը բռնի ուժով տարել են տան դիմացից՝ իր քրոջ ու տատիկի աչքի առաջ։ Որդին հայտնել է նաև, որ ոչ մի մեկնաբանություն չեն տվել ու հորը տարել են անհայտ ուղղությամբ։
ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում): Նա ձերբակալվել է:
Մարտի 26-ին տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ Սիմոնյանին է մոտենում քաղաքացի և զրուցելու ցանկություն հայտնում։ Քաղաքացու և Սիմոնյանի միջև վեճ է սկսվում, փոխադարձ վիրավորանքներ են հնչում, որից հետո անվտանգության աշխատակիցը նրան հեռացնում է։ Միջադեպից հետո ՆԳՆ-ից Armenia Today-ին փոխանցել էին, որ Դեմիրճյան փողոցից երկու անձ ներկայացվել էր համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Սիմոնյանը միջադեպը «կազմակերպված» էր անվանել։






































