ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մարտի 26-ին ԱԺ դիմաց տեղի ունեցած միջադեպին, երբ վերջինս վիճաբանել էր քաղաքացի Միքայել Մարգարյանի, հնչել էին փոխադարձ հայհոյանքներ:
«Ես վստահ եմ, որ նման դեպքերն ընտրություններին ընդառաջ էլի կլինեն, գիտեմ, որտեղից են ուղղորդված: Այսինքն՝ գալ, անհայտ կորածների ծնողների, բարեկամների մեջ խառնվել և քաղաքական նպատակ հետապնդել, կամ հեռախոսը միացնել և ուղիղ եթերում Ազգային ժողովի նախագահին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնե՞լ»,- ասել է Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է միջադեպի պատասխանատվությանը, ԱԺ նախագահը նշել է, որ կա երեք սուբյեկտ, որոնք պետք է գնահատական տան. իրավապահ մարմինները, հանրությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
«Ես վստահ եմ, որ եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, կգործեն: Եթե գտնեն մյուս կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ-որ բան կա, կարձագանքեն: Երկրորդ սուբյեկտը Հայաստանի ժողովուրդն է, իրենք իրենց գնահատականը տվել են: Երրորդն իմ կուսակցությունն է»,- ասել է նա:
Անդրադառնալով անհայտ կորածների ծնողների կողմից իրեն ուղղված պահանջներին՝ Սիմոնյանը հիշեցրել է, որ նախկինում ինքն է գնացել նրանց մոտ, երբ ճանապարհ էին փակել, և խնդրանքից հետո նրանք բացել էին ճանապարհը: Նա նաև նշել է, որ անձամբ չի մասնակցել անհայտ կորածների ծնողների հետ ԱԺ-ում կայացած վերջին հանդիպումներին։
«Այդ մասին իմացել եմ, երբ մոտեցել եմ և ոստիկաններին տեսել: Հարցրել եմ իմ անվտանգության աշխատակիցներին, թե ինչո՞ւ են մարդիկ հավաքված: Ինձ մոտեցել է մեկ կուսակցական և սեռական բնույթի հայհոյանքներ տվել»,- հավելել է Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նշել է, որ առավել քան հանդուրժող էր, և որ գնահատականը պետք է տա ոչ թե ընդդիմությունը, այլ Հայաստանի քաղաքացին:
Միջադեպից հետո Ներքին գործերի նախարարությունից Armenia Today-ին փոխանցել էին, որ Դեմիրճյան փողոցից երկու անձ ներկայացվել էր համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Բերման ենթարկելու հիմքերը չէին հստակեցվել:



































