ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ Սիմոնյանին է մոտենում քաղաքացի և զրուցելու ցանկություն հայտնում։ Քաղաքացու և Սիմոնյանի միջև վեճ է սկսվում, փոխադարձ վիրավորանքներ են հնչում, որից հետո անվտանգության աշխատակիցը նրան հեռացնում է։
Ավելի ուշ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։
Սիմոնյանը մարտի 27-ին «կազմակերպված» է անվանել միջադեպը։
«Ես վստահ եմ, որ նման դեպքերն ընտրություններին ընդառաջ էլի կլինեն, գիտեմ՝ որտեղից են ուղղորդված»,- ասել է նա:
ԱԺ նախագահը նշել է, որ իրավապահ մարմինները, հանրությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է գնահատական տան միջադեպին։
«Ես վստահ եմ, որ եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, կգործեն: Եթե գտնեն՝ մյուս կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ-որ բան կա, կարձագանքեն: Երկրորդ սուբյեկտը Հայաստանի ժողովուրդն է, իրենք իրենց գնահատականը տվել են»,- հավելել է նա:
ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել է, որ խուզարկություն չի անցկացրել վեճի 2 մասնակիցների տանը։ Ավելի վաղ վեճի մասնակից Միկա Մարգարյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ իրեն քաղաքացիական հագուստով երեք անձ էր այցելել, ապա, տեսնելով, որ նկարահանում է, հեռացել են։ Ավելի ուշ լուր էր տարածվել, որ 2 ներգրավված անձանց տներում իրավապահները խուզարկություն են անցկացրել։
Թարմացված է՝ 27.03.2026 | 18:28


























